Ծալկայի հանրային դպրոցում խմելու ջուրն այլևս իրականություն է

Հայտնի ճշմարտություն է, որ խմելու ջրի համաշխարհային  պաշարներն  աշխարհում անսպառ չեն։  Մեր մոլորակի բնակչության թվի ավելացմանը զուգահեռ շատ արագ աճում է նաև  ջրի հանդեպ պահանջարկն ու դրա սպառումը: Կա վարկած, համաձայն որի, 2050թ. աշխարհի բնակչությունը կկազմի 9 մլրդ, որից 4մլրդ-ը կապրի ջրի քրոնիկ դեֆիցիտի պայմաններում: Ասել է թե` ջուրը կդառնա աշխարհում ամենաարժեքավոր ռեսուրսը:

Մասնավորապես մեր տարածաշրջանի՝ նախկին Խորհրդային Միության մաս կազմող երկրներում ջրերի կառավարման ներկայումս կիրառվող համակարգերն իրենց վրա մեծապես կրում են անցյալի կիրառվող մեթոդների և մոտեցումների ազդեցությունները: Այսպիսով, Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ժամանակի թելադրանքով առավել ընկալելի է դառնում, որ ջրային պաշարների գրագետ կառավարման ու որակի գնահատման ներկա համակարգերն այդքան էլ նպատակահարմար չեն: Այս առումով անհրաժեշտություն է առաջանում բարելավելու դրանք՝ հիմնվելով միջազգային պրակտիկայում կիրառվող սկզբունքների և համընդհանուր մոտեցումների վրա: Վրաստանի գյուղատնտեսության նախարարության պատասխանատու աշխատակցի հայտարարությունը, թե «Վրաստանն Անդրկովկասում առաջինն է քաղցրահամ ջրի արտահանման մեջ», այնքան էլ արժանահավատ չի հնչում, հատկապես այն պարագայում, երբ հիմնականում բարձր լեռնային բնակավայրերում ծառացած է քաղցրահամ ջրի հասանելիության խնդիրը։ Դրա մասին են փաստում նաև Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից երկրի 6 շրջաններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց 108 դպրոցներից 16-ում առհասարակ խմելու ջուր չկա: Հարկ է նշել, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր տարածաշրջանում քաղցրահամ ջրի հետագա դեֆիցիտը չխորացնելու համար տարվում են մասշտաբային աշխատանքներ, որոնց զգալի մասը տալիս են սպասված արդյունքներ։ Որպես վերջինիս վառ օրինակ կարելի է դիտարկել GWC-WASH-2 դրամաշնորհային մրցույթի շրջանակներում Քվեմո Քարթլի երկրամասում Ծալկայի  թիվ 1 հանրային դպրոցի  ջրամատակարարման վերականգնման հաջողությամբ իրականացված աշխատանքները։ Արդյունքում, ջրային ենթակառուցվածքներով հագեցած դպրոցի շենքն այսօր հնարավորություն է տալիս թվով 300 շահառուների, որոնց մեծ մասն ի դեպ  էկոմիգրանտներ են, օգտվել խմելու մաքուր ջրից։  Աշխատանքների ավարտից հետո հիշյալ դպրոցում իրականացվել է ջրի նմուշների լաբորատոր վերլուծություն, ինչի արդյունքում խմելու ջրի մեջ վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել:

Նշենք, որ նախաձեռնությունը Վրաստանի գյուղական բնակավայրերում ապրող սոցիալապես անապահով կանանց և երեխաների, բազմազգ համայնքների առողջության և կյանքի պայմանների բարելավման նպատակ ունի և հավելենք, որ նախագիծն իրականացվել է CENN-ի կողմից՝ Global Water Challenge և Coca-Cola Foundation (TCCF)-ի ֆինանսական օժանդակության համատեղության շրջանակներում։

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Shopping Cart