Համաճարակ, պանդեմիա, կորոնավիրուս, համավարակ․․․ սրանք թերևս այն արտահայտություններն են, որոնք վերջին հինգ ամիսների ընթացքում առավել հաճախ են լսվել ու կիրառվել՝ անկախ մարդկանց սեռից, տարիքից և ամենակարևորն ազգությունից։ Չնայած, որ տարածվածության, վարակվածության և մահացության թվերն արդեն հասնում են ահագնացող մակարդակի, այնուամենայնիվ մոտ ու հեռու ապագայի խճանկարը շարունակում է մնալ ոչ լիարժեք կանխատեսելի։ Վերջինս իր մեջ պարունակում է տնտեսական, սոցիալական, էկոլոգիական, ռազմաքաղաքական և այլ բնույթի վտանգներ։ Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այդ վտանգները մասշտաբային ծավալների են հասնում, հնարավոր ճգնաժամի կանխատեսումներն ավելի իրական են դառնում։ Ավելի իրական է դառնում նաև այն տեսությունը, ըստ որի՝ բնությունը ցանկացած ժամանակ կարող է մարդկությանը հիշեցնել «տնտեսական աճի» պատրանքի փխրունության մասին: Ավելին՝ ներկա ու ապագա սպառնալիքների ֆոնին՝ աշխարհը տնտեսական աճի ապահովումը մղել է հետին պլան և որպես առաջնահերթություն է դիտում ռեսուրսների պահպանումն ու ռացիոնալ օգտագործումը: Մեզ շրջապատող աշխարհը մեկ միասնական համակարգ է ու եթե խաթարվում է դրա որևէ տարրի նորմալ գործունեությունը, խաթարվում է նաև մնացյալների ընթացքը։ Բնություն-հասարակություն փոխհարաբերությունը մարդկության պատմության ընթացքում միանշանակ չի ընթացել․ շրջակա միջավայրի բնական կայուն հավասարակշռությունը որոշակի կետից սկսած փոփոխվել է և դա ժամանակի ընթացքում տարածական կտրվածքով որակապես ու քանակապես ավելի ինտենսիվ զարգացումների է հասել:
Կորոնավիրուսի տարածումն այսօր ընթանում է պարադոքսալ զարգացումներով․ մի կողմից համաճարակի պատճառով աշխարհում օրական մահանում են հարյուրավոր մարդիկ, մյուս կողմից՝ համաճարակի շնորհիվ նկատվում է էկոհամակարգերի բարելավում, օդատիեզերական մոնիթորինգի արդյունքներն արձանագրում են մթնոլորտային օդի աղտոտիչների միջին ամսական կոնցենտրացիաների կտրուկ նվազում, դիտվում է ջրային ռեսուրսների աղտոտման համեմատական անկում և այլն։ ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի բնապահպանական ռեսուրսների փորձագետ Բուրք Մարշալն ապացույցների ճնշող մեծամասնությամբ եկել է այն եզրահանգման, որ օդի աղտոտվածության նվազման արդյունքում պոտենցիալ փրկված մարդկանց թիվն էականորեն կգերազանցի համավարակի պատճառով իրականում զոհվածների թիվը: Բուրքը հաշվարկել է, որ շրջակա միջավայրի աղտոտման երկամսյա կրճատումը մասնավորապես Չինաստանում մինչև 5 տարեկան չորս հազար երեխաների և 70-ից բարձր յոթանասուներեք հազար մեծահասակների կյանք է «նվիրել»: Այս հանգամանքն ունի իր բացատրությունը․ մարդկանց իմունիտետը ձևավորող չորս հիմնական գործոններից մեկը շրջակա միջավայրի վիճակն է և մենք որպես տեսակ խոցելի ենք դրա ցանկացած փոփոխության պարագայում։ Այս առումով պետք է ընդգծել շրջակա միջավայրի երկարատև աղտոտման և համաճարակի դեպքում բնակչության շրջանում վարակիչ հիվանդությունների տարածվածության ու դրա հետևանքների ուղիղ կապը: Շրջակա միջավայրի իրավիճակի բարելավվումն այսօր չպետք է սահմանափակվի միանգամյա էֆեկտով, հասարակությունը պարտավոր է ճիշտ հետևություններ անել այս ամենից և գտնել տնտեսական զարգացման այն ուղին, որը կտա էկոլոգատնտեսական խնդիրների համակարգված լուծում, կհետևի Կայուն զարգացման հայեցակարգի նպատակներին։ Պետք է գիտակցել, որ կլիմայական առկա ճգնաժամը և կենսաբազմազանության առանձին տեսակների ոչնչացումը շատ ավելի վտանգավոր են, քան վիրուսային որևէ հիվանդություն։
Այն պատրանքը, որ բնության մեկ մասնիկ հանդիսացող մարդն ի վիճակի է ամեն ինչ վերահսկել` կլիմայից մինչև վիրուսների ու բակտերիաների տարածում, այլևս հին ինֆորմացիա է։ Մարդ արարածը վաղուց պիտի հերքեր այն վարկածը, որ ինքը քաղցկեղային բջիջներից ձևավորված ուռուցք է Երկրի մարմնի վրա։ Ու որքան էլ «այսօրվա մարդն» ընդդիմանա իր սեփական սահմանափակումների փաստին, միևնույնն է քո և բոլորի խնդիրն է հաշվի նստել հետևյալի հետ․մարդկության պատմությունը երբեք չի կարող գրվել առանց բնության խմբագրման։
