Պարադոքսալ զարգացումներով ոլորտ

Հանքարդյունաբերությունն արտադրական ոլորտի այն ճյուղն է, որը  զբաղվում է Երկրի ընդերքից օգտակար հանածոների հանքավայրերի հայտնաբերման և  արդյունահանման աշխատանքներով: Հանքարդյունաբերության ներկայիս մասշտաբներին հատկանշական են բնական ռեսուրսների ինտենսիվ օգտագործումը, թափոնների աճը,  շրջակա միջավայրի քայքայումը և այլն։ Սա է պատճառը, որ վերջին տասնամյակների ընթացքում ավելի է ընդգծվում տնտեսապես հիմնավորված, էկոլոգիապես անվտանգ և էկոարդյունավետ հայեցակարգի կարևորությունը սույն ոլորտում։ Գիտության և տեխնիկատեխնոլոգիական զարգացման ժամանակակից դարաշրջանն աչքի է ընկնում  արտադրության աճի աննախադեպ տեմպերով, ինչն անխուսափելիորեն ազդում է շրջակա միջավայրի փոփոխության,  հատկապես՝ հանքարդյունաբերության բնապահպանական խնդիրների սրացման վրա։ Այս փոփոխությունները դրսևորվում են բացասական երևույթների զանազան համադրություններով․ հանքարդյունաբերական աշխատանքների պատճառով գյուղատնտեսության համար անհրաժեշտ տարածքների (հողերի) օտարում, ստորերկրյա  և մակերեսային ջրերի ոչնչացում ու աղտոտում, մշակելի տարածքների ճահճացում, հողերի ջրազրկում և աղազերծում, վնասակար նյութերով և քիմիական տարրերով մթնոլորտային օդի աղտոտում և այլն: Ընդգրկելիության տեսանկյունից տարբերակվում են գլոբալ, լոկալ և տարածաշրջանային բնույթի հետևանքներ։ Հանքային արդյունաբերությունը մեր երկրի տնտեսության առանցքային ճյուղերից է, ներառում է պղինձի և մոլիբդենի,  երկաթի, կապարի, ցինկի, ոսկու, արծաթի և օգտակար հանածոների այլ նմուշների ավելի քան ութ հարյուր հիսուն հանքավայրեր, վճարային հաշվեկշռում արտահանման մակարդակով զբաղեցնում է պատվավոր երեք տեղերից մեկը, շնորհիվ հանքարդյունաբերական արտադրանքի ծավալների աճի մենք գրանցում ենք իրական ՀՆԱ-յի և կենսամակարդակի աճ։ Սրանք, իհարկե, ուրախալի փաստեր են, եթե․․․ Պարադոքսալ զարգացումներով աչքի ընկնող այս ճյուղն իր մեջ ամփոփում է նաև բազում խնդիրներ․ ընդերքօգտագործման իրավունքից բխող կոռուպցիոն ռիսկեր, ընդերքաբանական փորձաքննության հիմնավորված և միջազգային չափորոշիչների հետ համաձայնեցված բացակայող ընթացակարգեր,  շուկայում նկատվող օլիգոպոլ և քաղաքականացված նրբերանգներ, շրջակա միջավայրի և հանրային առողջության վրա նեգատիվ  ազդեցությունների ոչ լիարժեք վերահսկողություն և այլն։ Ցանկալի բարեփոխումների, վերահսկողության սահմանման, ծանր էկոլոգիական հետևանքներ ունեցող գործունեությունների համար սահմանված սանկցիաների և սահմանափակումների անհրաժեշտությունն այսօր ավելի քան օրհասական է՝ կապված կորոնավիրուսային ճգնաժամի խորացման հետ։ Սահմանափակումների տեսանկյունից տեղին է հիշեցնել ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի՝ արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության  սահմանափակումերի օրերս վերանայած փաթեթը։ Ցավով պետք է նկատենք, որ որոշակի սահմանափակումների շարքում առկա չէր արտակարգ դրության պայմաններում բաց հանքերի շահագործման  արգելքը։

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Shopping Cart